Սիրիական բանակից փախած զինվորականները «ռազմական խորհուրդ» կստեղծեն Թուրքիայում
«Սիրիական ազատ բանակի» մամուլի խոսնակ Հալիդ ալ Խամութը, տեղեկացրել է, որ Թուրքիայի սահմանն անցած սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների անուններն անվտանգության նկատառումներով դեռևս գաղտնի են պահվում, սակայն մոտ օրերս կբացահայտվեն: Նա տեղեկացրել է նաև, որ նավթի փոխնախարար Աբդուլ Հուշամեթթինի աջակցությունը սիրիացի ընդդիմադիրներին թուլացնելու է Ասադի ռեժիմը:
«Ռադիկալ» պարբերականի հետ զրույցում մեկ այլ ընդդիմադիր ասել է, որ Դամասկոսից, Հոմսից և Լաթաքիայից փախած զինվորականները տեղավորվել են թուրքերի կողմից ձևավորված «Ազատ սպաների ճամբարում»:
Նա տեղեկացրել է, որ «Սիրիական ազատ բանակին» միացող հրամանատարները, զենքի և ֆինանսական միջոցների համակարգումից բացի, Թուրքիայում զբաղվելու են նաև Ասադի բանակից փախած զինվորներին համախմբելով Թուրքիայում «ռազմական խորհրդի» կազմում:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպում ունեցած «Սիրիայի ազգային խորհրդի» ղեկավար Բուրհան Գալյունը տեղեկացրել էր, որ նախատեսում են Թուրքիայում նման խորհուրդ բացել:
Հիշեցնենք, որ երեկ Գալյունը մերժել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի կոչը Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև երկխոսություն սկսելու մասին:









