Գյումրիում ՀՀԿ-ի հնարավորությունները քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գնահատում է «վերին աստիճանի»
Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ Շիրակի մարզի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Վարդան Ղուկասյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կպաշտպանի անկուսակցական, «Շիրակ» ֆուտբոլային ակումբ նախագահ Արման Սահակյանի թեկնածությունը։ Այս մասին ասաց հենց ինքը՝ Գյումրու քաղաքապետը, ով այսօր մասնակցում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարին:
Հիշեցնենք, որ Գյումրու թիվ 34 ընտրատարածքում, Արման Սահակյանից բացի, առաջադրվելու մտադրության մասին է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեղի տարածքային կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանը:
Խոսելով ընդհանուր առմամբ Գյումրիում Հանրապետական կուսակցության հաղթանակի հնարավորության մասին, Գյումրիի քաղաքապետը գնահատեց այն որպես «շատ, վերին աստիճանի»: «Որովհետև Հանրապետականն էդքան բնակարաններ է կառուցել, 13000-ից ավելի, և մեծամասնությամբ ՀՀԿ-ի շնորհիվ: Ո՞նց կարող են գյումրեցիները 23 տարի տնակներում ապրեն և չհասկանան՝ ով իրենց բնակարանները կառուցեց, ով՝ քաղաքը և ով քանդեց»,- հավելեց Վարդան Ղուկասյանը։
Այսօր լրագրողները Գյումրու քաղաքապետին հարց ուղղեցին՝ նորմա՞լ է համարում, որ այդքան անօթևաններ ունեցող Գյումրիում Ղուկասյանը «Ալեքսանդրապոլ» անունով հյուրանոց է կառուցում:
«Ձեր աչքը չի բռնու՞մ, որ Գյումրիում մի հատ լավ բան լինի։ Դե մի քիչ ուրախացեք էլի»,- ի պատասխան ասաց Վարդան Ղուկասյանը և հավելեց, որ ինքը համացանցով «հատիկ-հատիկ» պատասխանել է այդ հարցին՝ հիշեցնելով միայն, որ հյուրանոցը պատկանում է ոչ թե իրեն, այլ իր չորս եղբայրներին:
Գյումրու քաղաքապետը նաև փառք տվեց Աստծուն, որ տնակային բնակիչների խնդիրն այս տարի լուծվելու է: «Ի ուրախություն բոլորիդ, այս տարիների ընթացքում վերջացնում ենք անօթևանների խնդիրը»:









