Ժնևի ավտոսրահում հայտնի են դարձել աշխարհի լավագույն ավտոմեքենաները

23:35 • 11.03.12

Ժնևի ավտոսրահում հայտարարվել են եվրոպական` «Տարվա ավտոմեքենա» մրցույթի, ինչպես նաև «Տրավա համաշխարհային ավտոմեքենա» կոչմանը հավակնող երեք ֆինալիստները:

Վերջնական հաղթողները կորոշվեն Նյու Յորքում` ապրիլին կայանալիք ավտոսրահի ժամանակ:

Ինչպես հաղորդում է auto.vesti.ru-ն «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» (World Car of The Year) մրցույթը 4 անվանակարգ ունի. «Տարվա ավտոմեքենա», «Տարվա լավագույն սպորտային ավտոմեքենա», «Աշխարհի էկո ավտոմեքենա» և «Լավագույն ավտո դիզայն»: Ժնևի ավտոսրահում հայտարարվել են բոլոր անվանակարգերի 3 լավագույնները:

«Տարվա ավտոմոբիլ» գլխավոր անվանակարգի եզրափակիչ են դուրս եկել 3-րդ դասի BMW-ն, Porsche 911-ը և Volkswagen up!-ը, որոնք ընտրվել են 34 թեկնածուների ցանկից:

«Տարվա լավագույն սպորտային ավտոմեքենա» անվանակարգի եզրափակիչում կմրցակցեն Lamborghini Aventador LP 700-4-ը, McLaren MP4-12C-ը և Porsche 911-ը:

Չնայած աշխարհում շատ են նաև ավելի հզոր ու բարձր սպորտային ցուցանիշներ գրանցող մեքենաները, սակայն այս անվանակարգում տեղ զբաղեցնելու համար անհրաժեշտ է տարեկան նվազագույնը 500 մեքենա արտադրել:

Աշխարհի էկոմեքենա անվանակարգում ժյուրին ստիպված է եղել գնահատել ոչ միայն մեքենան և նրա ցուցանիշները, այլև բազմածավալ տեխնիկական փաստաթղթերը: Այս տարի եռյակում են Ford Focus Electric-ը, Mercedes-Benz 250 CDI BlueEFFICIENCY-ն և Peugeot 3008 Hybrid-ը:

Եվ վերջին` ամենահաջողված դիզայն ունեցող մեքենաների եռյակում են հայտնվել Citroen DS5-ը, Range Rover Evoque-ը և նորից Volkswagen up!-ը: Citroen մակնիշը վերջին 7 տարիների արդեն 5-րդ անգամ է այս անվանակարգի եզրափակիչում հայտնվում:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր անվանակարգի հաղթողը կընտրվի այս տարվա ապրիլին` Նյու-Յորքի ավտոսրահում: