15800 զոհ, 3000 անհետ կորած. Ճապոնիայում նշում են 2011–ի երկրաշարժի տարելիցը

11:13 • 11.03.12

Այսօր Ճապոնիայում նշում են 2011թ. մարտի 11-ին տեղի ունեցած և այդ երկրի պատմության մեջ ամենաաղետալի երկրաշարժներից մեկի տարելիցը, տեղեկացնում է BBC-ն։

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից 400կմ հյուսիսարևելքում տեղի ունեցած 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվեց շուրջ 15800 մարդ, ավելի քան 3 հազ մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած։ Տասնյակ հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց կացարաններն ու հարկադրաբար տարհանվեցին։

Երկրաշարժի առաջին ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14։46–ին։ Այսօր այդ ժամին մեկ րոպե լռություն կտիրի ողջ երկրով մեկ։ Կհնչեն հատուկ ազդանշաններ, իսկ որոշ շրջաններում գնացքները կանգ կառնեն։

Երեկ հազարավոր մարդիկ այցելել են զոհվածների շիրիմներին, վառել բազմաթիվ մոմեր և աղոթել։

Հիշեցնենք, որ երկրաշարժի պատճառով Ֆուկուսիմայի ատոմակայանում հրդեհ բռնկվեց, որը խաթարեց ատոմային 4 ռեակտորների հովացման համակարգը։  Ճառագայթման հետևանքով զոհվեց 4 մարդ, շուրջ 80 հազ մարդ հարկադրաբար տարհանվեց շրջանից։