Շվեյցարացիները դեմ են քվերակել վճարովի արձակուրդը 6 շաբաթ դարձնելուն

21:14 • 11.03.12

Շվեյցարիայի քաղաքացիները, կիրակի օրը կայացած հանրաքվեի ընթացքում, դեմ են արտահայտվել վճարվող արձակուրդի ժամկետի 2 շաբաթով երկարաձգմանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Շվեյցարիայում լայնորեն քննարկվող «վեց շաբաթ արձակուրդ բոլորի համար» նախաձեռնությունը, հիմնականն էր այսօր հանրաքվեին դրված հարցերից:

Փոփոխություն առաջարկել էին արհմիությունները և ձախակողմյան քաղաքական ուժերը, որոնք համարում են, որ շվեյցարացիները վերջին տարիներին բավարար են աշխատել, շատ բան են արել երկրի տնտեսության զարգացման համար և վաստակել են արժանավայել հանգստի իրավունք, սակայն դրա փոխարեն տառապում են աշխատավայրում կրած սթրեսներից:

Պարտադիր 6 շաբաթվա հանգստի հակառակորդները կարծում են, որ այդ միջոցը շատ թանկ կնստի պետության և բիզնեսի վրա, կխաթարի տնտեսության մրցունակությունը և կհանգեցնի գործազրկության աճի:

Նաև վկայակոչվել է այն փաստը, որ շվեյցարացիները ճկուն աշխատանքային գրաֆիկի հնարավորություն ունեն և 5 շաբաթ վճարովի արձակուրդ են ստանում:

Քվեարկության նախնական տվյալների համաձայն, մասնակիցների մեծամասնությունը նախաձեռնությանը դեմ են հանդես եկել: