Աղասի Արշակյանը հավանական է՝ ԲՀԿ–ի հետ նույն ցուցակով մասնակցի ընտրություններին
«Իմ ծրագրերին արձագանքել է ԲՀԿ–ն և հավանական է, որ ես նրանց հետ նույն ցուցակով մասնակցեմ ընտրություններին»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական գործիչ Աղասի Արշակյանը: Սակայն, նա նշեց, որ ցանկանում է մնալ անկուսակցական, քանի որ ժամանակին դառնալով «մի կուսակցության» անդամ՝ զղջացել է: Թե, ինչու չի ցանկանում նշել կուսակցության անունը, ամաչում է արդյոք հարցին ի պատասխան, Աղասի Արշակյանը նշեց, որ չի պատրաստվում ենթարկվել սադրանքների:
Նշենք, որ Աղասի Արշակյանը եղել է «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ, որի ղեկավար Արտաշես Գեղամյանը վերջերս բացահայտ հայտարարել է ՀՀԿ–ին սատարելու մասին: Ավելին, խոսակցություններ կան Գեղամյանին ՀՀԿ համամասնական ցուցակ ներգրավելու մասին։
Նրա խոսքով, առկա քաղաքական ուժերից ամենամեծ հնարավորություններն այսօր ունի հենց ԲՀԿ-ն և նրանց հետ համագործակցելու լավագույն ուղիներից մեկը եվրասիական միությանն է վերաբերում, ինչը Արշակյանի ծրագրի հիմնական մասերից մեկն է:
Թե ինչու «Ժառանգության» հետ չհամագործակցեց Աղասի Արշակյանը հարցին, նա պատասխանեց, որ միակ խոչընդոտը եղել է Եվրասիական միության վերաբերյալ գաղափարները, որոնք«Ժառանգությունը» չի ընդունում:
Այն հարցին, արդյոք նա կհամագործակցեր «Հանրապետական» կուսակցության հետ, եթե վերջիններս ընդունեն նրա ծրագրերը, նա նշեց, որ կհամագործակցի ցանկացածի հետ, ով պատրաստ է աշխատել երկրի բարօրության համար:
Անդրադառնալով լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկություններին, թե Արշակյանը պատրատվում է առաջադրվել գործարար Սամվել Ալեքսանյանի հետ նույն ընտրատարածքում, նա ասաց. «Սամվել Ալեքսանյանի հետ 7-րդ ընտրատարածքում ես չեմ մրցակցելու, քանի որ այդ նույն տարածքում առաջադրվելու է ՀԱԿ ներկայացուցիչ Սմբատ Այվազյանը: Իսկ 8-րդ ընտրատարածքում կառաջադրվեմ, թե չէ, ես այս պահին այդ հարցում իմ հնարավորություններն եմ չափում»,- պարզաբանեց Աղասի Արշակյանը:









