Դուք ո՞նց եք պատկերացնում Սամվել Նիկոյանին «նժդեհիստ», ով մարտի 1-ը սարքեց մայիսի 1. Աղասի Արշակյան

15:36 • 12.03.12

Սպասվող ընտրական գործընթացները Աղասի Արշակյանի, ինչպես ինքն իրեն բնորոշեց՝ որպես փորձառու պատգամավորի և ընտրական թոհուբոհին քաջատեղյակ քաղաքական գործչի համար, ով մինչ այսօր մասնակցել է օրենսդիրի բոլոր նախաձեռնություններին,հարազատ են, չնայած ունեն «զզվելի կողմեր»: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային միաբանության» նախկին փոխնախագահը։

Խոսելով կուսակցությունների գաղափարախոսությունների, մասնավորապես «Հանրապետականի» նժդեհյան գաղափարախոսության և նրա անդամների մասին, Աղասի Արշակյանն ասաց. «Դուք ո՞նց եք պատկերացնում Սամվել Նիկոյանին «նժդեհիստ», ով մարտի 1-ը սարքեց մայիսի 1»: Աղասի Արշակյանի համար ավելի ընդունելի ու հարազատ է ԲՀԿ գաղափարախոսությունը, ում հետ ընտրություններին համամասնական ցուցակով մասնակցելը նա հավանական է համարում:

Նրա կարծիքով՝ ԲՀԿ-ն իր կոալիցիոն ուղուց չի շեղվի և ընտրություններին ավելի շատ ձայն կհավաքի, քան «Հանրապետականը»:

Բանախոսը նշեց, որ նկատել է` արդար ընտրություների կողմակիցներն այս անգամ ավելի շատ են, քան երբևէ եղել են: Ֆավորիտ կուսակցություններից բացի, նրա կարծիքով ևս երեքը կան, որոնց հնարավորություններն անցողիկ շեմին մոտ են: Սակայն, եթե նախորդ ընտրությունների նման այս անգամ էլ լցոնումներ լինեն, ապա այդ երեք ուժերի հնարավորությունները կնվազեն: Թե որոնք են իր կարծիքով, այդ երեք կուսակցությունները, բանախոսը այդպես էլ չնշեց: