Ավելի շատ ձայն կհավաքի տնտեսական հարցերին ավելի մեծ տեղ տվող կուսակցությունը. Ահարոն Ադիբեկյան

14:06 • 12.03.12

Այն կուսակցությունը, որը ավելի մեծ տեղ կտա տնտեսական հարցերին, ավելի շատ ձայն կհավաքի: Այսպիսի եզրահանգման է եկել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով պարզելու համար, թե սպասվող խորհրդարանական ընտրություններում որ խնդիրներն են ժողովրդի համար առավել կարևոր, անցկացրել է հարցումներ, որոնք ցույց են տվել, որ ժողովրդի համար առաջին տեղում սոցիալ-տնտեսական խնդիրներն են:Այս մասին Ադիբեկյանը տեղեկացրեց այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա` կուսակցություններից ամենից շատ այս հարցին տեղ է տալիս ԲՀԿ-ն: Անգամ քաղաքական հարցերը այս կուսակցության համար երկրորդական են: «Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այստեղ քաղաքական ու տնտեսական հարցերին հավասար ուշադրության են արժանացնում։ Մասնավորապես, ՀՀԿ համագումարը և կարգախոսը ցույց տվեց, որ տնտեսական թեման մեծ տեղ ունի ՀՀԿ ծրագրում»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը:

ՀԱԿ-ը, նրա կարծիքով, փորձում է հանդես գալ որպես ունիվերսալ կուսակցություն, որը ցանկանում է լուծել տարբեր հարցեր: «Հարց է, սակայն, թե որքանով ընտրողները կհավատան նրանց խոստումներին»,-ասաց բանախոսը: