Քաղաքական ուժերը պատրաստվում են առաջադրումների

13:42 • 12.03.12

Հայաստանում կուսակցությունների և դաշինքների, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրումների մասին պաշտոնական մեկնարկից հետո քաղաքական ուժերը սկսել են վերջին շտկումներն անել իրենց փաստաթղթերում և մոտեցումներում՝ պատրաստվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել իրենց փաստաթղթերը։ Tert.am–ը փորձեց պարզել, թե որ քաղաքական ուժերը երբ են պատրաստվում ԿԸՀ–ին ներկայացնել առաջադրումների մասին իրենց փաստաթղթերը։

Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը, որն ավանդաբար առաջադրման իր փաստաթղթերը ԿԸՀ–ին է ներկայացնում սահմանված ժամկետի վերջում, այս անգամ էլ, հավանաբար, կշարունակի նույն կերպ վարվել։ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսակ Էդուարդ Շարմազանովը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ, իրենց կուսակցության փաստաթղթերը կներկայացվեն մարտի 20–ից հետո։ Նրա խոսքով՝ այդ հարցը կորոշվի ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որը կկայանա այս չորեքշաբթի կամ հինգշաբթի։

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մարտի 18–ին կկայանա իրենց կուսակցության խորհրդի նիստը, որտեղ էլ կորոշվի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ միավորվելու հարցը, համամասնական ցուցակի, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրումների հարցը։ Խուրշուդյանի խոսքով՝ կուսակցության խորհրդի նիստում նաև կորոշվի, թե երբ է «Ժառանգությունը» ԿԸՀ–ին ներկայացնելու իր փաստաթղթերը։

«Քանի որ արդեն ԿԸՀ–ն հայտարարել է առաջադրումների մեկինարկի մասին, մեր կուսակցությունն արդեն սկսել է փաստաթղթերի պատրաստման գործընթացը»,– Tert.am–ին ասաց «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը։ Նա նշեց, որ ՕԵԿ–ը սահմանված ժամկետում կհասցնի ներկայացնել ինչպես համամասնական ցուցակի, այնպես էլ մեծամասնական առաջադրումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեր հարցին ի պատասխան խոստացավ տեղեկություններ տրամադրել օրվա երկրորդ կեսին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապվել մեզ չհաջողվեց, քանի որ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, իսկ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանն անհասանելի էր։ ՀՅԴ–ի հետ կապվել ևս չկարողացանք։ Առաջիկայում տեղեկություններ կներկայացնենք նաև այլ քաղաքական ուժերի առաջադրումների մասին։

Հիշեցնենք, որ առաջադրումների վերջին ժամկետը մարտի 22-ի ժամը 18 է, ինչից հետո սկսվում են թեկնածուների գրանցման, իսկ ապրիլի 8-ից` պաշտոնական քարոզարշավի փուլերը: