Երեխային հանեք այն դպրոցից, որտեղ ընտրաքարոզչությամբ են զբաղվում, կոչ է անում Աշոտ Բլեյանը

14:38 • 12.03.12

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը բոլոր ծնողներին կոչ է անում իրենց երեխային տանել մեկ այլ դպրոց, եթե պարզեն, որ տվյալ դպրոցում, որտեղ սովորում է իրենց երեխան, քողարկված կամ բացահայտ նախընտրական քարոզչություն է իրականացվում:

«Ես չեմ ընդունում, երբ որևէ տնօրեն իր իսկ դպրոցում որևէ կուսակցության կամ պաշտոնյայի վստահված անձն է դառնում: Նա դա անում է իր դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների առաջ «ապաշքյարա»»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն աասաց Բլեյանը:

«Չկա ավելի վատ բան, երբ տնօրենը ձայնագողությամբ է հանդես գալիս: Հետո այդ նույն մարդիկ մտնում են դասարան և խոսում հայրենասիրությունից»,- ավելացրեց նա։

Աշոտ Բլեյանը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց պատժել այդպիսի մանկավարժներին, ինչը դրական ազդեցություն կունենա նրանց վարքի վրա:

«Եթե դասատուն քարոզչություն է անում տնօրենի պահանջով, ապա դարձյալ պետք է պատժվի, քանի որ դա անամոթություն է»,- ընդգեց նա:

Աշոտ Բլեյանը ՀՀ քաղաքացիներին նաև կոչ է անում առաջիկա ընտրություններին ավելի հետևողական լինել իրենց ձայնի նկատմամբ: Նա վստահ է, որ եթե հենց քաղաքացին ջանք չգործադրի այս ոլորտում, ապա ոչինչ չի փոխվի:
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ չես հավատում ոչ ընտրություններին, ոչ էլ անգամ ընտրողներին, որովհետև հաճախ ընտրում են մեկին ասում են, որ ընտրել են մեկ ուրիշի»,-ասաց նա: