Խաչատուր Քոքոբելյանը «Ժառանգության» հետ միասնական ցուցակով գնալու հույս ունի

13:05 • 12.03.12

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև դաշինք կազմելու և միասնական ցուցակով ԱԺ ընտրություններին գնալու բանակցությունները շարունակվում են: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, սակայն, նա չբացառելով ոչինչ՝ հույս հայտնեց, որ այդուհանդերձ միասնական ցուցակ լինելու է. «Շատ-շատ հարցերում լիահույս եմ, որ «Ժառանգություն» կուսակցության հետ ընդհանուր միասնական հանդես գալու հնարավորություն մենք կունենանք»,- ասաց նա:

Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ կուսակցությունում «խսիտ աշխատանքային տրամադրություն է տիրում» և մարտի 16-ին կլինի կուսակցության առաջին համագումարը: «Միասնական ցուցակի մասին համագումարին չի հայտարարվի, քանի որ այդպիսին չկա: Մեր համագումարին կտրվի այն պատասխանն ու մոտեցումները, ինչպիսին մենք որդեգրել ենք»,-ասաց նա:

Ցուցակի առաջին տեղը գլխավորելուց Խաչատուր Քոքոբելյանը պատրաստ է հրաժարվել։ Դեռ ավելին, նա այդ տեղը կարող է զիջել «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: «Րաֆֆի Հովհանիսյանն այն քաղաքական գործիչն է, որը կարող է գլխավորել ցուցակը և դա ավելի ճիշտ կլինի»,-ասաց նա:

Իսկ վերջին շրջանում միասնական գնալու շուրջ տարակարծիք լինելը նա չպայմանավորեց լուրջ խոչընդոտներով։ «Քանի որ մինչև այսօր կազմված դաշինքները խիստ արհեստական են եղել և մեկ խնդիր են լուծել. այդ պահին ԱԺ ընտրությունների գնալ։ Այդ իսկ պատճառով այս հարցում մեր տեսակետները համընկել են։ Որպեսզի իրենց մոտ նույնը չլինի: Մեր նպատակն է հասնել մի բանի, որ ՀՀ քաղաքական դաշտում նոր մշակույթ ձևավորվի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» համագումարին ընտրություններին մասնակցելու ձևաչափին անդրադարձ չկատարվեց, թեև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցությունից՝ ասելով, որ այդ հարցը դեռևս չի որոշվել: Ի դեպ, նույն օրը «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ երկու կուսակցությունները ընտրություններին կգնան դաշինքով, մինչդեռ «Ժառանգությունից» այս հայտարարությունը հաստատող մեկնաբանություններ չեղան: Դեռ ավելին՝ «Ժառանգության» մեկ այլ ներկայացուցիչ` Ստյոպա Սաֆարյանը ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ, թերևս ընտրություններին առանձին ցուցակներով գնալը ճիշտ է: Ստյոպա Սաֆարյանը ասել է, որ վերջնական որոշումը կկայացվի մարտի 18-ին կայանալիք կուսակցության խորհրդի նիստում: