Թուրքական դատարանը մերժել է Դինքի ընտանիքի բողոքարկումը

14:23 • 12.03.12

Թուրքիայի Սինջանի ծանր հանցագործությունների գծով առաջին դատարանը մերժել է Ազգային հետախուզության ծառայության երկու աշխատակիցների դեմ հետաքննությունը կասեցնելու Անկարայի դատախազության որոշման բողոքարկումը: Դինքի ընտանիքի պնդմամբ, մինչ սպանությունը նրանք Դինքին կանչել էին Ստամբուլի նահանգապետարան և «զգուշացրել»:

Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, դատարանն այս որոշումը կայացրել է, պատճառաբանելով, որ նախաքննության փուլում հնարավոր չի եղել բավարար փաստեր և ապացույցներ ձեռք բերել, ուստի դատավարության շարունակությունն անհնար է:

Հիշեցնենք, որ Դինքի ընտանիքը դատի էր տվել անվտանգության ծառայության երկու աշխատակիցների, քանի որ նրանք «Ակօս»-ի խմբագրապետին կանչել էին Ստամբուլի նահանգապետարան և «զգուշացրել» թերթում տպագրված «Աթաթուրքի որդեգրած աղջիկը` Սաբիհա Գյոքչեն, որբանոցից վերցված հայուհի է» պնդման համար: