Էրեբունիում այգին ոչ թե ավիրվում է, այլ բարեկարգվում. շինարարներ (լուսանկարներ)

11:28 • 12.03.12

Էրեբունիում Ազատամարտիկների փողոցին հարող այգին ոչնչացնելու՝ այսօր առավոտյան տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Այգում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացավ այգի այցելած Tert.am–ի թղթակիցը՝ տեղում զրուցելով շինարարների հետ։ Այժմ այգուց հանվում են քայքայված երկաթբետոնե մեծ սալիկները՝ դրանք նորերով փոխարինելու համար։ «Բարեկարգման աշխատանքները պայմանավորված են գարնան գալու հետ։ Ինչպես տեսնում եք, բարեկարգվում է ոչ միայն այգին, այլ նաև փողոցն ու մայթերը»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց շինարարներից մեկը։

Նշենք, որ նշված խնդրի վերաբերյալ այսօր ահազանգել էր բնապահպան Մարիամ Սուխուդյանը, ով իր հերթին այսօր առավոտյան ահազանգ է ստացել Էրեբունի զանգվածում բնակվող բարեկամներից, այն մասին, որ Ազատամարտիկների փողոցում գտնվող այգիներից մեկում բուլդոզերները շինարարական աշխատանք են իրականացնում։
«Այնտեղ շատ քիչ են կանաչ գոտիները, և հիմա դրանցից մեկը, որ փոքր-ինչ կարող էր այգի կոչվել, կործանման եզրին է. առավոտից կամ, գուցե, և գիշերվանից, այնտեղ բուլդոզերներ են աշխատում: Այդ տարածքը գտնվում է Էրէբունի մասիվի շուկայի ետնամասում, նախկին Դիմիտրով, այսօր Ազատամարտիկների փողոցի հարևանությամբ: Մոտ 7-8 տարի առաջ այնտեղ շինարարություն էր սկսվել՝ պիտի եկեկեցի կառուցվեր, հետո այդպես էլ թողած էր մինչ օրս՝ հիմա էլ այգու մնացած մասն են ոչնչացնում, շատ հնարավոր է, որ այնտեղ հիմա տեղ է բացվում նոր կրպակների համար»,– ասված է Մարիամ Սուխուդյանի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բարձրաձայնել է նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ ով խնդրել էր իր բարեկամ բնապահպանական ակտիվիստներին՝ ստուգել տեղեկատվությունը: