Միջազգային կազմակերպությունները կոչ են անում բոյկոտել Բաքվի «Եվրատեսիլը»

15:06 • 12.03.12

Ադրբեջանում մարդու իրավունքների ցածր ցուցանիշները հաշվի առնելով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են կոչ անել միջազգային հանրությանը` բոյկոտել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթը:

Amnesty International կազմակերպությունը հերթական անգամ քննադատել է Ադրբեջանին` ընդդիմության խաղաղասիրական ցույցերի արգելելու և մեծաթիվ լրագրողների ձերբակալման համար:

The Guardian–ին տված հարցազրույցում Amnesty International-ի` Եվրոպայի և Ասիայի ծրագրերի գծով փոխտնօրեն Ջոն Դալուիսենը ասել է, որ Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ և Եվրատեսիլը չի կարող «քողարկել այդ բացերը»:

«Ադրբեջանը խաղաղ ցուցարարներին բանտարկելով չի կարող իրեն ներկայացնել իբրև իրավունքները հարգող ժողովրդավարական պետություն: Վարչակարգը պետք է իմանա, որ «Եվրատեսիլ»-ի նման «փայլփլող» իրադարձությունները չեն կարող քողարկել երկրում մարդու իրավունքների ոտնահարումների փաստերը», - ասել է նա: