ՀՀԿ–ն փոխնախագահների թիվն ավելացրել է ըստ անհրաժեշտության. Գագիկ Մելիքյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների աճին զուգահեռ կարիք կա ավելացնել ՀՀԿ փոխնախագահների թիվը, որպեսզի նրանք համակարգեն տարբեր բնագավառներում կուսակցության աշխատանքները, այս մասին Tert.am –ին ասաց Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՀՀԿ-ն գործող փոխնախագահների թիվը 3-ից երեկ հասցրեց 5-ի:
«Ամեն ինչ կատարվում է՝ ելնելով անհրաժեշտությունից, և նաև կանոնադրությունն է դա թույլ տալիս»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ խորհուրդը ՀՀԿ փոխնախագահներ ընտրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախկին նախագահ Հովիկիկ Աբրահամյանին, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը այս պաշտոնում վերընտրվեցին:
Թե կուսակցության փոխնախագահներից ով ինչ ոլորտ է համակարգելու, Գագիկ Մելիքյանի խոսքով կորոշվի ՀՀԿ՝ այս շաբաթ նախատեսված գործադիր մարմնի նիստում:
Նախկին երեք փոխնախագահների՝Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը և Մուշեղ Լալայանը, որը երեկ ընտրվեց ՀՀԿ գաղափարական հարցերով զբաղվող հանձնաժողովի ղեկավար, հիմնականում պատասխանատու էին կուսակցության գաղափարա-քարոզչական գործառույթների մասով:
ՀԿԿ խմբակցության քարտուղարը «բամբասանքների շարքից» համարեց ներկուլիսային այն խոսակցությունները, ըստ որոնց, փոխնախագահների թվի ավելացումը հետապնդում է մի քանի նպատակներ, այդ թվում թուլացնել ոմանց դիրքերը, և հակառակը, ուժեղացնել ուրիշներինը։
Սակայն Գագիկ Մելիքյանը համամիտ է մամուլի այն մեկնաբանությունների հետ, որ ՀՀԿ գերագույն մարմնի կազմը և ,առհասարակ, կուսակցության ղեկավար կառույցները երիտասարդանում են:
«Իհարկե, ճիշտ է, երիտասարդները նաև մեր ապագան են, և կուսակցությունում գտնում են, որ նրանց պետք է ավելի շուտ ընդգրեկել քաղաքական պրոցեսների մեջ, որ սովորեն»,-համաձայնեց Գագիկ Մելիքյանը:
Ըստ նրա՝ այս պահին ՀՀԿ կուսակցությունն ունի 150 000 անդամ:
Ի պատասխան այն հարցին, թե այդ դեպքում ինչպես հասկանանք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն էլ հենց այդքան ՕԵԿ-ական է նշում ասաց. «Է, լավ է անում»:









