Սկսվել է «Ես գիտեմ» իրազեկման արշավի երկրորդ փուլը

13:04 • 12.03.12

«Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավի երկրորդ փուլը սկսվել է մարտի 1-ից և կշարունակվի մինչև ամսվա վերջ: Այսօր արշավի երկու փուլերի մասին մանրամասներ ներկայացրին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը և «Ամերիաբանկ» ՓԲԸ Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրեց, որ արշավի երկրորդ փուլը տարբերվելու է նրանով, որ հանրությանը իրազեկելու ոլորտները ավելացվելու են, սակայն միջոցները պահպանվելու են:
«Երկրորդ փուլի ընթացքում հանրությանը կիրազեկենք, թե ինչ է կատարվում արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտներում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ արշավի առաջին փուլն սկսվել էր փետրվարի սկզբից և շարունակվել մեկ ամիս: Նախաձեռնությունը նպատակ ունի ՀՀ քաղաքացիներին իրազեկել կառավարության կողմից 2007-2012 թթ. ընթացքում հանրային կառավարման ոլորտում իրականացված ավելի քան 25 բարեփոխման մասին և հասարակությանը ներգրավել պետական և ինստիտուցիոնալ բարեփոխումները ճիշտ իրականցնելու գործընթացին:

Հարցին, թե ծրագրի իրականացումից հետո ինչ բարեփոխումներ են իրականացվել, Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը պատասխանեց. «Ընդամենը մեկ տարի առաջ ցանկացած տեսակի ընկերություն գրանցելու համար մոտ մեկ ամիս էր անհրաժեշտ, այսօր այն դարձել է քսան րոպե տևողությամբ գործողություն»:

Դավիթ սարգսյանը տեղեկացրեց նաև, որ նախաձեռնության առաջին փուլի ընթացքում ստացվել է 10-11հազ. հեռախոսազանգ, որոնցից ընդամենը 33-ը եղել են բողոքներ, իսկ մնացածը տեղեկատվություն ստանալու հարցում:

«Նախաձեռնությունը ունի նաև կայք, որը մեկ ամսվա ընթացքում ունեցել է 44 հազար այցելու: Մեծ ակտիվություն է ունեցել նաև ֆեյսբուքյան էջը: Մեր նպատակն է, որ հասարակությունը դառնա ակտիվ մասնակիցն ու աջակիցը կառավարման ոլորտներում: Թեև կառավարությունը մշտապես տեղեկատվական գործառույթներ է իրականացնում, բայց քաղաքացիները մեծ պահանջ ունեն տեղեկատվության»,- ասաց Սարգսյանը: