Քարզայը չի ներելու «աֆղանցիների սառնասիրտ սպանությունը» գործած ամերիկացի զինվորներին

12:32 • 12.03.12

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն այսօր հայտարարել է, որ Կանդահար նահանգում ամերիկացի զինծառայողի կողմից խաղաղ բնակիչների «սառնասիրտ սպանությունն» աններելի է:

«Աֆղանստանի կառավարությունը պարբերաբար կտրուկ քննադատություններով է հանդես գալիս ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ անցկացվող այն օպերացիների վերաբերյալ, որոնց արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվում: ԱՄՆ զորքի կողմից աֆղանցիների սառնասիրտ սպանությունն արարք է, որը ներում չունի», - ասել է նա:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, լույս կիրակի գիշերն ամերիկացի զինծառայողը լքել էր ռազմաբազան, մտել երեք տուն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ: Հաջորդ օրն ականատեսները հայտնաբերել են բնակիչների այրված ու արյունոտ մարմինները:

Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի հրամանատարությունը հաղորդել է, որ միջադեպից հետո հանցագործը կալանքի տակ է վերցվել և հարցաքննվել: Թե ինչն է դրդել նրան նման դաժան քայլի, դեռ հայտնի չէ: ԱՄՆ-ում նա քրեական պատասխանատվության է ենթարկվելու:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Համիդ Քարզայի հետ հեռախոսազրույցի ընթացքում ցավակցություն է հայտնել և վստահեցրել, որ «ողբերգական միջադեպի» հանգամանքները կհետաքննվեն, և մեղավորները կկրեն արժանի պատիժը:

Աֆղանստանի նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Լեոն Պանետան:

Ենթադրվում է, որ այս դեպքն ավելի կսրի ԱՄՆ-Աֆղանստան առանց այն էլ լարված հարաբերությունները: Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ զինծառայողները Բագրամ ռազմաբազայում այրել էին մուսուլմանական սուրբ գրքեր, այդ թվում` Ղուրանը:

Ի դեպ, «Թալիբան» շարժումն այսօր տարածած հայտարարության մեջ սպառնացել է «դաժանորեն վրեժխնդիր լինել»: