ԱԺ ընտրություններին ընդդիմությունը պետք է վերահսկողություն իրականացնի միասնաբար. Խաչատուր Քոքոբելյան
ԱԺ ընտրություններից առաջ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին կեղծիքների դեմ պայքարել միասնաբար: «Ընտրություններին ընդդիմությունը մեկ խնդիր ունի լուծելու և այն պետք է լուծի միասնական ուժերով: Պետք է վստահված անձերին կենտրոնացնել և վերահսկողությունն իրականացնել միասնաբար»,-այսօր հրավիրված ասուլիսն հայտարարեց նա:
Բացի այդ, կուսակցության նախագահը առաջարկեց նույն ուժերին միասնական ճակատով մեծամասնական ընտարածքներից գրեթե բոլոր տեղամասերում թեկնածուներ առաջադրել, չնայած որ հասկանում է՝ այդ ուժերում մարդկային ռեսուրսի պակաս կա: «Դժբախտաբար կեղծիքների մասին խոսում են ընտրություններից առաջ, և դրան անդրադառնում միայն ընտրություններից հետո, իսկ ընթացքում հավուր պատշաճի վերահսկողություն չի կատարվում: Պատճառը վերահսկողության ռեսուրսի պակասն է: Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան յուրաքանչյուր տեղամասում ապահովել 5-10 վստահված մարդ, պատկերացրեք, թե դա ինչքան կարող է փոխել ընտրության ելքը»,-ասաց նա:
Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ ելնելով Հրազդանի ընտրությունների փորձից, որտեղ որևէ լցոնում չեղավ, հասկանալի է դառնում, որ ժամանակի ընթացքում փոխվել են ընտրակեղծիքների ձևը, սակայն ըստ նրա, միևնունն է՝ արդյունքը նույնն է:
«Հրազդանում լցոնումներ չեղավ, բայց չկա մի մարդ, ով կասկածի տակ չդնի այդ ընտրությունների արդար անցկացումը: Իմիտացիա ստեղծելով, թե ընտրատեղամասում կեղծիքները տեղափոխվելով 50, 100 մետր այն կողմ, դա չի նշանակում, թե այն ոչ ոք չնկատեց»,-ասաց նա և հավելեց, որ ակնհայտ է որ «իշխանական բուրգը աշխատելու է ՀՀԿ-ի համար»:
«Այդուհանդերձ պետք է կարողանալ գտնել եղանակներ, որպեսզի ավելի մեղմացնել դրանց ազդեցությունը»,-ասաց նա:









