Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է գումարվելու. Քլինթոնն ու Լավրովը կհանդիպեն նաև առանձին

09:04 • 12.03.12

Այսօր 15 երկրի արտգործնախարար մասնակցելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, որի քննարկման հիմնական թեման Սիրիայում ստեղծված իրավիճակն է:

Կուլուարներում նախատեսված է Ռուսաստանի արտգործնախարար Սերհեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը` նույնպես սիրիական հարցով:

Ավելի վաղ Լավրովը Կահիրեում բանակցություններ էր ունեցել Արաբական երկրների լիգայի արտգործնախարարների հետ և համաձայնեցրել սիրիական խնդրի կարգավորման` 5 կետից բաղկացած ծրագիրը:

Իսկ Սիրիայում իր առաաքելությունն է ավարտել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը, ով այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին է ներկայացրել ներքաղաքական կարգավորման ծրագիրը:

Զուգահեռ, տեղեկություններ են ստացվում երկրում չդադարող բռնությունների նոր զոհերի մասին: սիրիական իրավապաշտպանների տարածած տեղեկությունների համաձայն, Հոմս քաղաքում իշխանական ուժերի զանգվածային սպանությունների զոհ է դարձել ավելի քան 45 կին և երեխա: Ընդդիմադիրների տեղեկություններով այդ զոհերի մարմինների սպանությունից հետո այրվել են, հայտնում է CNN-ը: