Էրդողանին ուղարկված նամակը կհայտնվի Գինեսի գրքում
Իզմիրի բնակիչ թոշակառու ոստիկան Ունալ Բենլիալփերի` վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանին` 215 էջանոց և 75 մետր երկարությամբ նամակը հավանաբար կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում:
54-ամյա թոշակառու ոստիկանը, ով նաև տարբեր կայքերում սյունակագիր է, այդ կերպ Էրդողանի ուշադրությունը ցանկացել է հրավիրել ոստիկանների իրավունքների պաշտպանության վրա:
Ինչպես տեղեկացնում է haber7 կայքը, նախկին ոստիկանը նամակը ցանկացել է ցուցադրել է ֆուտբոլի դաշտում, սակայն քամին խանգարել է, և նա ստիպված է եղել դաշտում ֆուտբոլ խաղացող երեխաներից օգնություն խնդրել:
«Մեր երկրում ոստիկանները չափից շատ են աշխատում: Ընտանիքին և հասարակական կյանքին բավարար ժամանակ տրամադրել չի ստացվում: Ցավոք, ժամանակ առ ժամանակ նրանք սթրեսի և ընկճախտի մեջ են ընկնում»,- գրել է նա և Էրդողանից օգնություն խնդրել:









