Մաշտոցի պուրակում ակտիվիստները շուրջօրյա նստացույց են սկսում
Մաշտոցի պողոտայի հարևանությամբ գտնվող պուրակի շինարարության դեմ բողոքող ակտիվիստները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ շուրջօրյա նստացույց են սկսում պուրակում։
«Արդեն մեկ ամիս է, ինչ մենք նստացույց ենք անում Մաշտոցի պուրակում`գիտակցելով որ մենք տերն ենք այս քաղաքի ու երկրի, մեր ժամանակի ու մեր առողջության հաշվին պահանջելով պահպանել հանրային տարածքը ու սեփականությունը և այն չառևտրականացնել ու զավթել մեզնից: Մենք դադարեցրել ենք շինարարությունը և պահանջել ենք ապամոնտաժել այնտեղի շինությունները և բարեկարգել այգին»,– ասվում է հայտարարությունում:
Ակտիվիստները նշում են, որ այս պահին իրենց պահանջը արդեն արված շինարարության ապամոնտաժումն է:
«Մենք մեր այս պահանջը հստակ ներկայացրել ենք քաղաքային իշխանություններին որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունը: Այս փուլում մենք ժամկետ ենք սահմանում նրանց որոշում կայացնելու համար, իսկ մինչ այդ մենք արդեն շուրջօրյա նստացոյցի միջոցով կրկին ցույց ենք տալիս մեր կամքը և տոկունությունը տեր կանգնելու մեր իրավունքներին: Մեր վերջնաժամկետն է ուրբաթ, 16 մարտի: Իսկ մինչ այդ, մենք այգին այլևս չենք լքելու, այնտեղ ենք լինելու օրը 24 ժամ»,– ասվում է հայտարարությունում:
Նշենք, որ Ֆեյսբուք սոցիալական կայքում ակտիվիստները «Շուրջօրյա նստացույց Մաշտոցի պուրակում» վերտառությամբ խումբ են բացել, որից շուրջօրյա նստացույցին մասնակցելու հրավեր են ուղարկել 3894 մարդու։ Նյութի թողարկման ժամանակ 36 օգտատեր պատասխանել էր, որ կմասնակի ակցիան, իսկ 14 մարդ պատասխանել էր «գուցե»։









