Քաղաքացիական դատավարություն Մաշտոցի այգում

15:33 • 12.03.12

Մարտի 13-ին Մաշտոցի այգում տեղի կունենա քաղաքացիական դատ, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան ակտիվիստ Հասմիկ Էվոյանը:

«Մենք վաղը այստեղ կանցկացնենք բաց, քաղաքացիական դատավարություն և օրենսդրությամբ կապացուցենք, որ հանրային գոտում շինարարությունն անօրինական է: Դատարանն ինչպես վճռեց այն մեզ համար կլինի օրենք»,- ասաց Հասմիկ Էվոյանը:

Հարցին, թե ով է լինելու դատավորն ու ինչ դատական կողմեր են լինելու, բնապահպանն ասաց, որ դատավորները կլինեն մի քանի փաստաբաններ, իսկ դատավարության կողմերն էլ համապատասխանաբար քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու քաղաքացիները:

Հասմիկ Էվոյանը նշեց նաև, որ իրենք արդեն ուղղարկել են ծանուցագրեր քաղաքապետարանին, իրազեկելով վաղվա բաց դատի մասին:

Նշենք, որ մարտի 13-ից Մաշտոցի այգում անցկացվելու է բնապահպանական շուրջօրյա բողոքի ակցիա: Բնապահպանները քաղաքապետարանից պահանջում են ապամոնտաժել այնտեղ տեղադրված կրպակները:

Հիշեցնենք, որ Աբովյան փողոցում ապամոնտաժվեցին այնտեղ տեղադրված կրպակները և տեղափոխվեցին Մարգարյան ծննդատան հարակից տարածքում գտնվող Մաշտոցի այգի, ինչն առաջացրեց բողոքի մեծ ալիք։