Թուրքիայից ակնկալում ենք իր կենարար ինքնամաքրումը. Րաֆֆի Հովհաննիսյան

15:18 • 12.03.12

«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացված է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ֆրանսիան, Թուրքիան և Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը ներկայացնում է իր տեսակետները վերջերս Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու և ընդհանրապես հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների վերաբերյալ։ Հոդվածը տպագրվել է միջազգային հեղինակավոր մի քանի պարբերականներում, մասնավորապես, Foreigh Policy Journal (Washington) –ում, Europes World (Brussels),–ում, Eurasiareview (Madrid), –ում և Humanite Magazine (Paris)–ում։ Ներկայացնում ենք հոդվածը ստորև.


Սույն թվականի փետրվարի 28-ին ֆրանսիական հանրապետության Սահմանադրական խորհուրդը բեկանեց օրենսդիր մարմնի կողմից նախորդիվ ընդունված մի օրինագիծ, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտումը կհամարվեր հանցագործություն: Բոլոր դեպքերում մենք հարգում ենք Ֆրանսիայի օրենքը և նրա ժողովրդի կամքը:

Այն, ինչ 1915թ. պատուհասեց հայ ժողովրդին, ավելին էր, քան ցեղասպանություն, նույնիսկ ավելին` քան ողջակիզում: Դա սոսկ մարդկային կյանքերի կանխամտածված խլում չէր: Դա ամբողջ մի ազգի, մշակույթի, քաղաքակրթության և ժամանակի մեջ խտացված կենսակերպի հավաքական սպանդ էր:

Հազարամյակներ ի վեր հայապատկան դպրոցներ, եկեղեցիներ, հիվանդանոցներ, կաճառներ, հաստատություններ, հանրային և մասնավոր կալվածքներ ջնջվեցին քարտեզի վրայից, ավերվեցին կամ այլապես զավթվեցին: Հայոց ցեղասպանությունը երիտթուրքական վարչակարգի կողմից սառնասրտորեն իրագործված` հայ ազգի համապարփակ և բռնի սեփականազրկումն էր, ինչն աննախադեպ էր իր դաժանությամբ ու աղետաբերությամբ:

Սա Հայրենասպանություն էր:

Թուրք և հայ ազգ-պետությունների հաշտեցումը պետք է և տեղի կունենա միմիայն սոսկալի ճշմարտության հաղթանակի հիման վրա, ինչպես նաև արդարության ապահովման պայմանով` իրական զղջման, իմաստալից վերականգնման ու հայ ժողովրդի` իր Հայրենիքի հետ երաշխավորված վերամիավորման խարսխով:

Այս նպատակով է, որ մենք հիշում ենք մեր նահատակներին, ողջունում բոլոր նրանց, ովքեր կանխարգելում ու պատժում են մարդկության դեմ կատարված ոճիրները, իսկ Թուրքիայից ակնկալում իր կենարար ինքնամաքրումը:

Րաֆֆի Հովհաննիսյանը անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարն է, այժմ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը և ներկայացնում է այն խորհրդարանում: