Արցախի պատերազմում 1000 անհայտ կորածներից միայն 90–ի մասին տեղեկատվություն կա
Ընդհանուր առմամբ Արցախյան հակամարտության տարիներից մինչ օրս Ադրբեջանում գերի ընկածների և անհայտ կորածների թիվը հասնում է 1000-ի, սակայն նրանցից 90 հոգու համար է միայն հնարավոր եղել տեղեկություններ գտնել: «90 հոգու ցուցակը հնարավոր բոլոր տեղեկություններով Գերիների և պատանդների պետական հանձանժողովը հանձնել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց հանձնաժողովի անդամ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ ՀԿ-ի նախագահ Ռիմա Առաքելյանը:
Նա, սակայն, ցավով է նկատում, որ ունենալով Ադրբեջանի նման թշնամի, այնտեղ գերի ընկածներին ետ վերադարձնելու գործընթացը շատ դժվար է առաջ գնում: «Իհարկե ետ վերադարձումներ լինում են, սակայն դրանք գրեթե աննկատելի են»,-ասաց նա և ավելացրեց, թե կոնկրետ անցյալ տարի Տավուշի մարզից գերի ընկածը, չնայած առողջական վատ վիճակով, սակայն վերադարձվեց:
Ռիմա Առաքելյանը նշեց, որ Կարմիր Խաչի նախկին պատվիրակը, որի անունը Մելանի էր, Հայաստանի համար վատ աշխատեց և ավելի շատ ադրբեջանցի գերիներ վերադարձվեցին, քան հայ: «Այս մեկը կարծես ավելի սրտացավ է մոտենում հարցին, չնայած որ շատ ժլատ է իր տեղեկությունների մեջ և մինչև վերջին պահը չի գալիս , տեղեկություն չի տալիս»,-ասաց նա:
Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ ՀԿ-ի նախագահը նշեց, որ իրենք նույնիսկ տեղյակ չեն, թե գերիներին ինչ պայմաններում են պահվում:
«Պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ գերի է ընկածներիը երկու ամսում վերադարձվեն, սակայն Ադրբեջանն իհարկե չկատարեց»,-ասաց նա:
Ի դեպ, Ռիմա Առաքելյանի որդին, ով «Արաբո» ջոկատի տղաներից էր, նույնպես գերի է ընկել Ադրբեջանում, և նա հույս ունի, որ որդին ողջ ու առողջ է: «2008թ. -ին պատրաստված մի տեսանյութում տեսա իմ որդուն, շատերն ասում են, որ կարող է մոնտաժված էր, բայց ես տեսա, ուստի բոլոր դժվարությունները կարողանում եմ հաղթահարել»,-ասաց նա:









