Ռուսաստանի նախագահական ընտրությունները ի հայտ բերեցին կեղծիքների նոր տեսակներ. Ռիչարդ Կիրակոսյան

12:14 • 12.03.12

Ռուսաստանի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ Պուտինի վերադարձը այդքան էլ ողջունելի չէր Ռուսաստանի ժողովրդի կողմից: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Վերլուծելով ընտրությունների ընթացքը` նա նշեց, որ դրանք ի հայտ բերեցին կեղծիքների մի նոր կոմբինացիա: «Հետխորհրդային ժամանակների նման այստեղ եղան լցոնումներ, ինչպես նաև կեղծ մոնիտորինգեր: Երրկրորդ նորամուծությունը 90 հազար տեսախցիկների կիրառումն էր, սակայն դրանցից ոչ բոլորն էին աշխատում, իսկ որոնք էլ աշխատում էին, պարզ պատկերներ չէին ցույց տալիս: Դրանք հիմնականում ցույց էին տալիս արևային լույս ընտրատարածքներում»,- նշեց քաղաքագետը:

Նրա կարծիքով հետաքրքրական է, որ ՌԴ ընդդիմությունը միավորված է հիմնականում ընդդեմ Պուտինի, սակայն միևնույն ժամանակ քաղաքականապես այդ ընդդիմությունը որևէ նշանակություն չունի: Բացի այդ, դեկտեմբերին ընդդիմության ցույցերը ավելի շատ էին, քան հիմա, ինչը թույլ է տալիս ասել, որ արդեն Պուտինին ընդունում է թե՛ միջազգային հանրությունը, թե՛ ՌԴ հասարակությունը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահական ընտրություններում Վլ. Պուտինը ստացել է ընտրողների ձայների 63,6 %-ը: Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը ստացել է ձայների 17,19 %-ը, միլիարդատեր գործարար, անկոսակցական Միխայիլ Պրոխորովը՝ 7,98%, Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 6,23 %, իսկ Սերգեյ Միրոնովը՝ 3.85%: