Ձյան տեղումները կպահպանվեն այսօր ամբողջ օրը. ջերմաստիճանը կբարձրանա վաղվանից (լուսանկարներ, տեսանյութ)

12:54 • 12.03.12

«Այս ձյան տեղումները այսօր ամբողջ օրը կպահպանվեն, իսկ վաղը և մյուս օրը կտաքանա»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ այսօր գիշերվանից սպասվում է ջերմաստիճանի տաքացում. վաղը ցերեկը ջերմաստիճանը կհասնի 9 աստիճանի։

Բաժնի պետը նշեց, որ վաղվանից սկսած առաջիկա երեք օրերին թույլ տեղումներ կլինեն միայն Շիրակում, Արագածոտնում ու Վայոց Ձորում։ Մարտի 15–ին ձյան տեղումներ կարձանագրվեն հանրապետության լեռնային շրջաններում։ Մարտի 16–ին և 17–ին եղանակը կրկին կցրտի, կդիտվեն տեղումներ։

«Այսինք՝ վաղը, մյուս օրը կտաքանա, հետո դարձյալ ջերմաստիճանը կնվազի»,– շեշտեց Զարուհի Պետրոսյանը։

Մեր հարցին, թե երբ վերջապես կլինի գարնանային ջերմաստիճան, Պետրոսյանն արձագանքեց. «Դե, մարտի 16–ին, 17–ին էլ կցրտի, դրանից հետո հուսանք, որ կտաքանա։ Համենայն դեպս, մեր կանխատեսումները 5 օրվա վաղօրոքությամբ են»։