Սոցիալական փաթեթը կխթանի բժշկական ապահովագրության ընդլայնմանը. Արա Բաբլոյան

14:24 • 12.03.12

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահ է, որ այս տարվա սկզբից ներդրված սոցիալական փաթեթը, որն իր մեջ ներառում է նաև պարտադիր բժշկական ապահովագրություն, կխթանի անհատների բժշկական ապահովագրումը:

«Այս պահին ապահովագրված է մոտ 20-25 հազ. մարդ: Մինչ այս բժշկական ապահովագրությունը կրում էր կամավոր բնույթ և որոշակի ծավալ իրենից չէր ներկայացնում բայց ուներ մեծացման տենդենց»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

«Գիտենք, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը տալիս է ֆանտաստիկ արդյունքներ: Բայց նոր տեխնոլոգիաների կիրառումը մյուս կողմից բերում են ծառայությունների թանկացմանը և միջին ու ցածր եկամուտներ ունեցողները չեն կարողանում օգտվել և ստացվում է, որ դրանք հարուստերի համար են»,- ավելացրեց Արա Բաբլոյանը և վստահեցրեց, որ փաթեթի ներդրումը մի շարք մարդկանց հնարավորությույն կտա օգտվել բժշկական այն ծառայություններից, որոնք մինչ այս նրանց համար գրեթե անհասանելի են եղել:

Հիշեցնենք, որ 2012–ի հունվարից ՀՀ-ում ներդրվել է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների համար:

Պատգամավոր Արա Բաբլոյանը նշեց, որ փաթեթը իր մեջ չի ներառում ամբուլատոր բուժումները, ինչպես նաև պլաստիկ վիրաբուժության ծառայությունները: Իսկ անդրադառնալով թանկ վիրահատություններին ասաց. «Ապահովագրական ընկերությունը կարող է վճարել օրինակ վիրահատության դեպքում, եթե այն չի անցնում 3 մլն 800 հազ. դրամի սահմանը: Փաթեթի մեջ չեն մտնում նաև կանխարգելիչ ծրագեր: Բայց եթե օրինակ դա պարտադիր է այն առումով, որ մարդու մոտ չլինի ինֆարկտ, ապա մենք չենք սպասի, որ դա նրա մոտ գրանցվի»,- ասաց Արա Բաբլոյանը:

Սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց անմիջական ընտանիքի անդամներին (ամուսինը և մինչև 27 տարեկան չամուսնացած զավակները), անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրության չափից հավասարաչափ օգտվել հետևյալ սոցիալական ծառայություններից` բժշկական ապահովագրություն, որն աշխատակիցների համար կրում է պարտադիր բնույթ, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, հանգստի կազմակերպում ՀՀ և ԼՂՀ տարածքում:

Բժշկական ապահովագրության համար սահմանված է պարտադիր բազային ծածկույթ 52 հազար դրամի չափով, որի պարագայում ապահովագրական գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3.8 մլն ՀՀ դրամ:
Այս գումարի շրջանակում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի սուր, անհետաձգելի և պլանային մի շարք բժշկական ծառայություններ, այդ թվում` հիվանդանոցային բուժօգնություն, որը ներառում է թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություններ, վնասվածքների, էլեկտրահարությունների, այրվածքների բուժում, ինչպես նաև վիրաբուժական բուժում պահանջող հիվանդություններ` ընդհուպ նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում և այլն: