Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (տեսանյութ)

08:56 • 12.03.12

Թուրքիայի խորհրդարանի կրթության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստը ծեծկռտուքով է սկսվել:

Իշխող «Ազատություն և զարգացում» կուսակցության պատգամավորները և Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, աթոռներ նետել միմյանց ուղղությամբ, գործը հասել է բռունցքներին: CNNturk-ը տեղեկացնում է, որ կռվի ընթացքում մի քանի պատգամավոր վնասվածքներ է ստացել:

Հանձնաժողովի նիստին ավելի շուտ եկած ԱԶԿ-ականները, տեղավորվել են բոլոր աթոռներին և ավելի ուշ եկած ընդդիմադիրները տեսել են, որ իրենց համար այլևս տեղ չկա դահլիճում: ԺՀԿ խմբակցության ղեկավար Մուհարրեմ Ինջեն բղավել է . «հանձնաժողովը օկուպացրել եք» և սկսվել է վիճաբանությունը:

ԱԶԿ-ական պատգամավորներն ու հանձնաժողովի նախագահը լրագրողներից պահանջել է դուրս գալ դահլիճից: Սակայն հանձնաժողովի նախագահի ուղղությամբ ծանր իրեր են նետել: Երբ փորձել են շարունակել նիստը, ընդդիմադիրները ձայն են խնդրել, իսկ երբ նրանց թույլ չեն տվել խոսել, բղավել են. «թող կորչի ֆաշիզմը», «ԱԶԿ-ի դիկտատուրան ավարտվելու է», «ԱԶԿ-ն ժողովրդի առաջ պատասխան է տալու»:

Թուրքական խորհրդարանի ղեկավար Ջեմիլ Չիչեքը, ով միջադեպի պատճառով հետաձգել է Լեհաստան կատարելիք այցը և հայտարարել, որ նման միջադեպերը խանգարում են նոր Սահմանադրության շուրջ իրականացվող աշխատանքներին: «Հուսով ենք, սա վերջին նման միջադեպը կլինի»,- հայտարարել է նա:

Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն էլ միջադեպը «Թուրքիայի ժողովրդավարության տեսանկյունից սև օր » է որակել:

«Մեր պատգամավորներին ոտքերով հարվածելը, նրանց խոսքի իրավունքից զրկելն ու ճնշում բանեցնելը ժողովրդավարության տեսանկյունից ամոթալի է»,- ասել է նա: 
 

Bu video Adobe Flash Player'ın son sürümünü gerektirmektedir.

Adobe Flash Player'ın son sürümünü indirin.