Վիրջինյան կղզիներում ԱՄՆ նախագահի թեկնածության միանգամից երկու հանրապետական հավակնորդ է հաղթել
Ամերիկյան Վիրջինյան կղզիներում Հանրապետական կուսակցությունից կոնգրեսական Ռոն Փոլը հաղթել է ընտրողների ձայների թվով, իսկ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին իրեն ապահովել է Հանրապետական կուսակցության հաջորդ նստաշրջանում պատվիրակների ձայների մեծ թվով:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Կարիբյան ծովում գտնվող Վիրջինյան կղզիներում քվեարկության նման արտասովոր արդյունքները բացատրվում են քվեարկության անցկացման արտասովոր համակարգով: Հավաքների յուրաքանչյուր մասնակից առանձին քվեարկում է այս կամ այն թեկնածուի օգտին և առանձին որոշում այն, թե ինչպես պետք է քվեարկի «խաղարկվող» պատվիրակներից յուրաքանչյուրը:
Արդյունքում Ռոմնին ստացել է պատվիրակների յոթ ձայն, իսկ Փոլը` մեկ: Սակայն վերջինս էլ ստացել է հավաքի մասնակիցների 112 ձայն` Ռոմնիի 101-ի դիմաց:
Հանրապետական կուսակցության համագումարն անցկացվելու է օգոստոսի վերջին, Ֆլորիդայում, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության միասնական թեկնածուն: Թեկնածու դառնալու համար հավակնորդը պետք է ստանա 1144 պատվիրակի ձայն: Ներկայում Ռոմնին առաջատար է` 454 ձայնով:
Ընտրարշավի հաջորդ կարևոր փուլը կլինի Ալաբամայում ու Միսիսիպիում անցկացվելիք «փրայմերիզը»: Իսկ անցած երեքշաբթի «փրայմերիզ» էր անցկացվել միանգամից տասը նահանգում. առաջատար էր Միթ Ռոմնին: Հավանաբար հենց նա էլ աշնանն անցկացվելիք նախագահական ընտրություններում կպայքարի դեմոկրատ Բարաք Օբամայի դեմ:









