Պայթյուններ Հալեպի մոտակայքում. կան զոհեր
Սիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում պայթյունի հետևանքով 3 մարդ ծանր վնասվածքներ է ստացել: Նյութական վնասներ են կրել շրջակա շենքերն ու խանութները:
Նույն շրջանում ավելի վաղ մեկ այլ պայթյուն է տեղի ունեցել: Ծաղկի խանութի մոտակայքում տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է խանութի տերը:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ այդկերպ զինյալ ահաբեկիչները փորձում են տապալել ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագիրը:
Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ առավոտյան Թուրքիայի տարածքից զինված խումբ է փորձել ներխուժել Սիրիա, սակայն կառավարական ուժերին հաջողվել է կանխել դա և խումբը վերադարձել է Թուրքիա:
Սահմանամերձ Իդլիբ քաղաքի մոտակայքում տեղակայված ռազմական անցակետի մոտ մահապարտ ահաբեկիչը ավտոմեքենա է պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել երկու սիրիացի զինծառայող:









