ՀՀ դեսպան Աղաջանյանը հանդիպել է Ալմելոյի քաղաքապետի հետ
Ապրիլի 25-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ալմելոյի քաղաքապետ տկն. Յոն Հերմանս-Ֆլուդբելդի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության համաձայն, ՀՀ դեսպանն Ալմելոյի քաղաքապետին շնորհակալություն է հայտնել հայ համայնքի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար և կարևորել համայնքային կրթամշակութային ծրագրերիող շարունակական աջակցությունը:
Տկն. Աղաջանյանը վստահեցրել է, որ ՀՀ դեսպանությունն ամեն կերպ իր օժանդակությունը կբերի նման հարցերում, քանի որ կարևորում է թե՛ հայ համայնքի ներկայացուցիչների կողմից հոլանդական հասարակության լիիրավ անդամ դառնալը, և թե՛ հայ ազգային ինքնության ու մշակույթի պահպանումը:
Տկն. Հերմանս-Ֆլուդբելդը նշել է, որ հայ համայնքը լավ ինտեգրված է, Ալմելոյում ամենամեծաթիվ էթնիկ խմբերից է, և պատրաստակամություն հայտնել ականջալուր լինել ծագած խնդիրներին, ըստ հնարավորության, տալ լուծումներ:
Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ իրականացնել համատեղ մշակութային ծրագրեր, ինչը հոլանդական հասարակությանը հնարավորություն կտա առավել անմիջականորեն ծանոթանալ հայ ժողովրդի կրթական ու մշակութային ժառանգությանը:









