Վախճանվել է «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա լրագրող Արմեն Դիլանյանը
Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայան
ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում ապրիլի 24-ին կյանքի 57-րդ տարում վախճանվել է «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա լրագրող Արմեն Դիլանյանը։
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, լրագրող Արմեն Դիլանյանը եղել է «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի հիմնադիրներից, գրասենյակում աշխատել է 1992 - 94 թվականներին։ Նա է վարել «Ազատություն» ռադիոկայանի առաջին ռեպորտաժները՝ նորանկախ Հայաստանում տեղի ունեցող ամենաառանցքային իրադարձությունների վերաբերյալ։
1994-1995 թթ. Արմեն Դիլանյանն աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի Մյունխենի, իսկ 1995-2006 թթ.` Պրահայի կենտրոնակայանում։
Միացյալ Նահանգներ մեկնելուց հետո հայտնի լրագրողը աշխատակցել է տեղի հայկական լրատվամիջոցներին` նպաստելով դրանց զարգացմանը։
«Արմեն Դիլանյանը շատ տաղանդավոր լրագրող էր, և հայ լրագրողական աշխարհը մեծ կորուստ կրեց` ի դեմս նրա»,- հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը` շարունակելով. - «Եթե պատահական միացրել ես ռադիոընդունիչը, բայց չգիտես, թե ինչ ռադիոկայան ես լսում, ապա Արմենի ձայնը լսելուն պես անմիջապես կարող էիր կռահել, որ եթերում «Ազատություն» ռադիոկայանն է։ Նա մեծ լսարան ուներ Հայաստանում եւ մեծ ավանդ՝ «Ազատություն» ռադիոկայանի հաջողության մեջ»։
«Արմեն Դիլանյանի մահվան բոթը ցնցեց բոլորիս: Խոր վշտով տեղեկացանք, որ երիտասարդ, ուժերի ծաղկուն շրջանում գտնվող մեր գործընկերը երեկ վախճանվել է Միացյալ Նահանգներում, որտեղ բնակություն էր հաստատել վերջին տարիներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է նույն ռադիոկայանի լրագրող Գայանե Դանիելյանը։ - «Արմեն Դիլանյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի հիմնադրման օրից իր տաղանդն ու ավյունն է ներդրել ազատ խոսքի տարածման եւ մարդու իրավունքների պաշպանության գործում` իր բացառիկ հավաստի ու անկեղծ ռադիոհաղորդումներով, իր հրաշալի ձայնով: Նա անկախության առաջին իսկ օրերից Հայաստանի Հանրապետության տարեգիրներից մեկն էր»:
Tert.am-ի խմբագրակազմը միանում է «Ազատություն» ռադիոկայանի աշխատակազմին և խորը ցավակցություն հայտնում մեր գործընկեր Արմեն Դիլանյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։









