Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Բրյուսելում

17:22 • 25.04.12

Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում ապրիլի 24-ին մատուցվել է պատարագ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին:


Ըստ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության՝ պատարագին հաջորդել է ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը:


Հուշակոթողի մոտ հոգևոր հայրերը մատուցել են ոգեկոչման արարողություն, որին հաջորդել են Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանի և Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի ելույթները:


Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Իզաբել Դյուրանը, Բելգիայի կառավարության ներկայացուցիչներ, Բելգիայի քաղաքական և հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական և թութսի համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ և լրագրողներ:


Նույն օրը Բելգիայի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել Բրյուսելում Թուրքիայի դեսպանության առջև: