Դանիայում նշվել է Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցը
Ապրիլի 22-ին Կոպենհագենի Ազգային թանգարանում «Թռչնոց բույն» խորագրով միջոցառումների շարքից մեկնարկել է առաջինը` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Այն կազմակերպել էր «Դան Արմեն» հայ-դանիական ասոցիացիան:
Ըստ է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղոդգարության՝ միջոցառման ժամանակ բացման խոսքով ելույթ է ունեցել «Դան Արմեն» ասոցիացիայի նախագահ Օլե Մելդգաարդը (Ole Meldgaard), ով կարևորել է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման անհրաժեշտությունը` ապագայում նման հանցագործությունները կանխելու համար:
Այնուհետև ելույթ է ունեցել ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը: Վերջինս իր խոսքում երախտագիտություն է հայտնել դանիացի միսիոներների կողմից Հայոց Մեծ Եղեռնից փրկված հազարավոր հայ որբ երեխաների և կանանց նկատմամբ հոգ տանելու անձնուրաց գործունեության համար, ապա նշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն ժամանակի խնդիր է: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի կողմից Լիբանանում հիմնադրված «Թռչնոց բույն» մանկատան մասին «Մայրիկը» վերնագրով իր հիշողություններն է ներկայացրել Արաքսի Կաբաքյան-Պետերսենը:
Միջոցառմանը «Սկանդինավիան և Հայոց ցեղասպանությունը» թեմայով դասախոսությամբ հադես է եկել պատմաբան, հայտնի ցեղասպանագետ Մաթիաս Բյոռնլուդը (Matthias Bjørnlund):
Ապա տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ, որին Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Գրիգոր Նարեկացու, Հարություն Դելալյանի, Շուբերտի, Պուչինիի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես են եկել երգչուհի Վարդուհի Խաչատրյանը (Շվեյցարիայից) և դաշնակահար Հայկ Մելիքյանը (Երևանից):









