Բրյուսովցիները կրկին բողոքում են

17:18 • 25.04.12

Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի այն ուսանողները, որոնք պահանջում են «վերականգնել արդարությունը բուհում», այսօր կրկին բողոքի ակցիա կազմակերպեցին կառավարության շենքի դիմաց, ինչից հետո բողոքի երթով շարժվեցին դեպի ԵՊԼՀ: Ուսանողների ստվար բազմությունն այսօր եկել էր նաև «Ազատ, արդար Բրյուսով», «Չկա Զոլյան, չկանք մենք», «Վերադարձնելով Զոլյանին՝ կվերադարձնեք արդարությունը», «Չենք հանձնվի», «Մենք բոլորս Զոլյան ենք», «Պարոն Զոլյան, Բրյուսովը ձեզ հետ է» և այլ կարգախոսներով:

 

Նշենք, որ այսօր բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմին Կրթության նախարարության պաշտոնյաները որպես բուհի ռեկտորի պաշտոնակատար ներկայացրել են նախկին պրոռեկտոր Գայանե Գասպարյանին:

 

«Մենք չենք պահանջում վերականգնել Սուրեն Զոլյանին, մենք պահանջում ենք վերականգնել արդարարությունը: Եթե վերականգնվի արդարարությունը, կվերականգնվի Սուրեն Զոլյանը»,- Tert.am –ին ասաց բուհի մագիստրատուրայի ուսանողներից Ռոլանդը:


Բրյուսովցիներին լսել է կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով նշել է, թե վարչապետն արդեն մեկ անգամ ընդունել է ուսանողներին, տեղյակ է նրանց պահանջներից: Հետևաբար, ուսանողներին առաջարկվել է գնալ ԿԳ նախարարի որոշումը դատարանում բողոքարկելու ճանապարհով: Ինչին ուսանողները պատասխանել են վաղվանից դասադուլ հայտարարելու մտադրությամբ:

 

Նշենք, որ բուհի պաշտոնական կայքը դեռ չի թարմացվել և բոլոր բաժիններում շարունակում է որպես ռեկտոր նշվել Սուրեն Զոլյանը: Իսկ պաշտոնական կայքի գլխավոր բաժնում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է՝ «ԵՊԼՀ-ի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ կապված բուհի ռեկտոր Ս.Զոլյանը բազմաթիվ նամակներ է ստանում գործընկեր համալսարաններից և միջազգային այլ կառույցներից: Վերջիններս իրենց մտահոգություններն են արտահայտում և աջակցություն են առաջարկում այս ամենի վերաբերյալ և հույս հայտնում, որ հանձին ռեկտոր Ս.Զոլյանի միջազգային մակարդակով առաջիկայում ԵՊԼՀ-ի հետ համատեղ նախատեսվող գիտակրթական ծրագրերը չեն խափանվի»: