Էրզրումում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված սիմպոզիում տեղի կունենա
Հայ-թուրքական հարաբերությունները քննարկելու նպատակով մայիսի 2-4-ը Էրզրումում գիտաժողով տեղի կունենա, որին կմասնակցեն 75 գիտնականներ, որոնցից 12-ն օտարերկրացի:
Աթաթուրքի անվան համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների հետազոտության կենտրոնի տնօրեն Էրոլ Քյուրքչուօղլուն, տեղեկացրել է, որ սիմպոզիումի ընթացքում նաև նոր փաստաթղթեր են ներկայացվելու:
«Երկու ժողովրդների պատմությանն առնչվող փաստաթղթեր են ներկայացվելու: Քննարկվելու են թե օրինակ միջնադարում ի՞նչ դիրքորոշում են ունեցել հայերը թուրքերի հանդեպ կամ Օսմանյան կայսրության տարիներին սուլթան Ֆաթիհ Մեհմեթի կողմից հայկական պատրիարքարանը Բուրսայից Ստամբուլ տեղափոխելու հարցը: Հանդիպման առանցքում հայ-թուրքական հարաբերություններն են լինելու և քննարկվելու են պատմական, գիտական հարթության վրա»,- ասել է նա:
Ինչպես տեղեկացնում է Sondakika կայքը, գիտաժողովին մասնակցելու են ամերիկացի, ֆրանսիացի, իրանցի, ադրբեջանցի գիտնականներ: Հանդիպմանը հրավիրված է թուրքական պետական արխիվի տնօրենը, ով ներկայացնելու է, թե ինչ վիճակում են գտնվում թուրքական արխիվները:









