Աֆղանստանում վրացի զինծառայող է պայթել ականի վրա
Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայող Վալերիան Խուջաձեն պայթել է ականի վրա, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն` վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Գերատեսչության տեղեկության համաձայն` Խուջաձեն մահացել է «հակառակորդի ականի պայթյունից ստացած վնասվածքների հետևանքով»: Թե երբ է տեղի ունեցել դեպքը, չի հաղորդվում:
Վրաստանի ՊՆ-ն ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողի ընտանիքին ու հարազատներին: Խուջաձեի ընտանիքին կտրամադրվի վրացական օրենսդրությամբ սահմանված սոցիալական փաթեթ:
Խուջաձեն ծառայել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում` Աֆղանստանի Հելմենդ նահանգում: Նա մասնակցել է նաև Իրաքում խաղաղարար առաքելությանը:
2011թ.-ի վերջին Վրաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությունը, որը ենթադրում է Աֆղանստանում վրացի խաղաղապահների թվի ավելացում:
Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցությունից ի վեր, արդեն զոհվել է 16 վրացի զինծառայող:









