Միզելու պատճառով այրվածքների ենթարկված երիտասարդն իրեն լավ է զգում, բայց հանրային զուգարանների խնդիրը մնում է չլուծված
Երեկ երեկոյան Թումանյան 27 շենքի մուտքերից մեկում էլեկտրակայանի վրա միզած 29-ամյա Վահե Ասատրյանը գտնվում է միջին ծանրության վիճակում և քայլում է: Նա գտնվում է ոչ թե վերակենդանացման բաժանմունքում, այլ հիվանդասենյակում: Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Ճառագայթային բժշկության և արյվածքների գիտական կենտրոնից»:
Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 29-ամյա Վահե Ասատրյանը բնական կարիքները հոգալու նպատակով մտել էր Թումանյան 27 շենքի մուտքերից մեկը և փորձել միզել էլեկտրակայանի վրա, ինչից հետո լսվել էր ուժեղ պայթյուն, ապա հոսանքազրկվել էին Թումանյան փողոցի մի քանի շենքեր:
Իսկ բուժկենտրոնում ֆոտոլրագրողին պատմել էին, որ «տաբատը բացած վիճակում, երես-մերեսը այրված» երիտասարդը լրջորեն տուժել է: «Էդ տղեն, ինչ ուներ, չուներ, ոնց որ վառվել ա, բայց ոչինչ»:
Նշենք, որ Tert.am-ի այս հրապարակումը մեծ արձագանք ստացավ ընթերցողների մոտ, և նրանց զգալի մասը շեշտում էր հասարակական զուգարանների բացակայության խնդիրը։
«Այս դեպքի թիվ մեկ պատասխանատու ն քաղաքապետարանն է, որը «քաղաքային զուգարանների մասին մոռացել է ու մարդկանց դնում է նման անդուր իրավիճակի մեջ»,– արձագանքել էր ընթերցողներից մեկը:
Նշենք, որ Tert.am-ը օրերս անդրադարձել էր մայրաքաղաքում հասարակական կամ այսպես կոչված «Էկո» շարժական զուգարանների խնդրին՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ուղիղ մեկ տարի առաջ հայտարարված ծրագրի իրականացման առումով որևէ առաջընթաց չկա:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մասնավոր ներդրմամբ նոր հասարակական զուգարանների կառուցման մասին ծրագրով նախատեսվում էր մայրաքաղաքի վարչական շրջանների տարածքներում ունենալ 43 տեղ` մինչև 20 քմ մակերեսով:
Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, համաձայնելով, որ հատկապես Երևանի կենտրոնում առկա է զուգարանների սակավության խնդիր, հայտնել էր, որ քաղաքապետարանն ինքնին շահույթ հետապնդող կազմակերպություն չէ, այսինքն չի կարող նախաձեռնել զուգարանների տեղադրում, իսկ մասնավոր ներդրողների համար էլ զուգարանները հետաքրքիր չեն:









