Կոսովոյում նոր էթնիկ բախումների վտանգով պայմանավորված ՆԱՏՕ-ն ավելացնում է զորակազմը
Հյուսիսատլանտյան դաշինքը այսօրվանից Կոսովոյում հավելյալ ուժեր կտեղակայի, որ կանխարգելվեն հնարավոր էթնիկ բախումները, մայիսի 6-ին կայանալիք Սերբիայի նախագահական ընտրությունների ժամանակ, հաղորդում է France-Presse գործակալությունը:
Ապրիլի 25-ին 250 գերմանացի զինծառայողներով օդանավը վայրէջք է կատարել Պրիշտինայից 15 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական օդանավակայանում: Մինչև մայիսի 30-ը կշարունակվի նոր ուժերի համալրումը: Հավելյալ զորամիավորման ընդհանուր քանակը կհասցվի 700-ի, որի մեջ ընդգրկված կլինեն 550 գերմանացի և 150 ավստրիացի զինծառայող:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից հավելյալ զորք է պահանջել Կոսովոյի կոնտինգենտի հրամանատար, գեներալ Էրհարդ Դրյուսը (Erhard Drews):
Գեներալը զեկուցել է, որ տարածաշրջանում լարվածությունը աճում է, և դա կապված է ընտրությունների հետ:
Էթնիկ սերբերը պահանջում են իրենց նույնպես թույլ տալ մասնակցել նախագահական ընտրություններին, իսկ Կոսովոյի իշխանությունները նման տարբերակը անընդունելի են համարում, և խոստանում են իրենց ունեցած բոլոր ուժերը ներդնել, որ նման բան տեղի չունենա:









