Մինսկը լքած եվրոպացի դիվանագետները վերադառնում են. առաջինը Շվեդիայի դեսպանն է
Բելառուսը լքած Շվեդիայի դեսպան Ստեֆան Էրիքսոնը վերադարձել է Մինսկ, Լեհաստանի դեսպան Լեշեկ Շերեպկան արդեն հատել է բելառուսական սահմանը, իսկ մինչև օրվա վերջ կվերադառնա նաև Լիտվայի դեսպան Էդմինաս Բագդոնասը, հայտնում է «Եվրոռադիո»-ն:
Ուրբաթ կվերադառնան Չեխիայի ու Էստոնիայի դեսպաններ Իրժի Կարասն ու Յաակ Լենսմենտը: Եվրամիության անդամ մյուս երկրների դիվանագետները կվերադառնան այս շաբաթվա վերջին:
Փետրվարին պաշտոնական Մինսկը հետ էր կանչել Լեհաստանում իր դիվանագետին ու Բրյուսելում ԵՄ ներկայացուցչին` ի նշան կառույցի` Բելառուսի հանդեպ պատժամիջոցների ընդլայնման: Ի պատասխան` ԵՄ անդամ բոլոր երկրները նույն օրը հետ էին կանչել Մինսկից իրենց դեսպաններին:
Օրեր առաջ Լյուքսեմբուրգում անցկացված ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում մասնակիցները ողջունել էին բելառուսական իշխանությունների կողմից 2 քաղբանտարկյալների ազատ արձակումը, սակայն հայտնել, որ չեն վերադարձնի իրենց դիվանագետներին, մինչև Մինսկն ազատ չարձակի բոլոր քաղբանտարկյալներին:









