Կանադայում դատապարտել են Ցեղասպանության հարցում Թուրքիայի մերժողականությունը

17:14 • 25.04.12

Ապրիլի 23-ին Օտտավայում Թուրքիայի դեսպանության առջև կանադահայ երիտասարդությունը կազմակերպել են մոմավառություն` ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի:


ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ապրիլի 24-ին Կանադայի ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հիշատակի ավանդական միջոցառում, որին մասնակցել են Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցու սրբազան հայրեր, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, կանադահայ համայնքի ներկայացուցիչներ, դպրոցականներ:


Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ոգեկոչելով 1,5 միլիոն զոհերի հիշատակը, նշել է, որ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը ոճիր էր համայն մարդկության դեմ և որ բոլորի պարտքն է նման հանցագործությունները դատապարտել ու կանխարգելել՝ հասնելով Մեծ Եղեռնի միջազգային համապարփակ ճանաչմանը:


Այնուհետև, ՀՀ դեսպանատան հարակից տարածքում գտնվող «Հավերժ Հայաստան» հուշարձանի մոտ հոգևոր հայրերի կողմից կատարվեց աղոթք հայ նահատակների համար, զետեղվեցին ծաղկեպսակներ:


Միջոցառումից հետո հոծ բազմությունն ուղևորվել է դեպի Կանադայի Խորհրդարան, որտեղ տեղի է ունեցել բազմամարդ ցույց: Ցույցի ընթացքում հնչել են ելույթներ Խորհրդարանի մի շարք պատգամավորների, քաղաքական գործիչների կողմից, ովքեր դատապարտել են Հայոց ցեղասպանությունը և թուրքական մատերիականությունը:


Այնուհետեւ, Օտտավայի կենտրոնական Ուելինգտոն փողոցով հարյուրավոր կանադահայեր շարժվեցին դեպի Թուրքիայի դեսպանություն, որտեղ պահանջեցին Թուրքիայի կառավարությունից վերջ տալ մերժողական քաղաքականությանը: