Ընտրախախտումների դեպքերով կատարվում է քննություն. Ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների ընթացքը՝ ապրիլի 25-ի դրությամբ, այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից:
ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժինում նախապատրաստվում են նյութեր Ճոճկան գյուղի գյուղապետ Սամվել Գիգոլյանի ապրիլի 20-ին հաղորդած տեղեկատվության հիման վրա: Ըստ այդմ՝ ապրիլի 19-ին, ժամը 18-ի սահմաններում, անչափահասներ՝ 1998 թ. ծնված Գարիկ Հովակիմյանը և 2000 թ. ծնված Գևորգ Վարդանյանը պատռել են Ճոճկան գյուղի մշակույթի տանը փակցված 5 ընտրացուցակները:
ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնում նախապատրաստվում են նյութեր ապրիլի 21-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում Հայաստանի հանրապետական կուսակցության շտաբի նախագահի տեղակալ Սոկրատ Մկրտչյանի հաղորդման համաձայն, ըստ որի, ապրիլի 16-ից մինչ ապրիլի 21-ը թիվ 7 ընտրատարածքի բնակիչները ՀՀԿ շտաբ են ներկայացրել Ն. Փաշինյանի նախընտրական շտաբի անդամների կողմից բաժանված նամակներ, որոնք պարունակում են զրպարտչական տեղեկություններ՝ նշված ընտրատարածքում առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի մասին:
Նախապատրաստվում են նյութեր նաև «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքից թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Աննա Հակոբյանի հաղորդման համաձայն, ըստ որի՝ ապրիլի 23-ին Աննա Հակոբյանը (թերթը թողարկող «Դարեսկիզբ» ՍՊԸ–ի տնօրեն) Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, Շերամի փողոցի 23 շենքի բակում, երկու անհայտ անձինք խոչընդոտել են իր քարոզչական գործողություններին:
Ոստիկանության Արմավիրի բաժինը ևս տեղեկացնում է, որ մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում «Հայկական ժամանակ» օրաթերթի թիվ 73 համարի՝ «ՄԱՊ-ի Ալիկը սարսափած է» հոդվածի և ՀՀ ԱԺ ընտրությունների թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ալեքսան Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Լևոն Խորոզյանի դիմումի հիման վրա: Համաձայն հիշյալ դիմումի` անհայտ անձի կողմից թեկնածուի և կուսակցության վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ են տարածվել:
ՀՀ ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ բոլոր հիշյալ նյութերով կատարվում է հետաքննություն:









