Կաշառակերության մեջ կասկածվող գնդապետ Սանդրուկյանին մատնել է նրա նախկին տեղակալը
Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության տրանսպորտի հարցերով քննչական վարչության արդեն նախկին պետ Էդուարդ Սանդրուկյանին 900 հազ դոլար է փոխանցել նրա նախկին տեղակալ Վադիմ Մյասիշևը, հայտնում է Life News-ը:
Հիշեցնենք, որ Էդուարդ Սանդրուկյանը ձերբակալվել է 900 հազ դոլար կաշառք ստանալու համար: Նա այդքան գումարի դիմաց պետք է աջակցեր մի առևտրականի` սկսելու սեփական բիզնեսը: Քննիչների վարկածով` սա գումարի դեռ առաջին մասնաբաժինն էր:
Life News-ը` վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ «չարաբաստիկ» գումարը Սանդրուկյանի տուն է բերել նրա նախկին տեղակալ, իսկ այժմ ՆԳՆ Տեղեկատվության վարչության աշխատակից, գնդապետ Վադիմ Մյասիշևը: Ըստ նրա` Սանդրուկյանը վստահում էր իր նախկին տեղակալին: Միասին նրանք աշխատել են երկար տարիներ: Մյասիշևի այցից հետո, նրանք նշել են այդ իրադարձությունը:
Ձերբակալության հատուկ գործողությունը սկսվել է գումարի` հասցեատիրոջը հանձնվելուց 6 ժամ հետո միայն:
«Ձերբակալության օպերացիային մասնակցող Անվտանգության դաշնային ծառայության ու Քննչական կոմիտեի աշխատակիցները մինչև վերջին պահը չեն իմացել, թե միջնորդն ում է տանում գումարը»,- Life News-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները` հավելելով, որ երբ պարզվել է, թե ում են ուղղված գումարները, ձերբակալությունն իրականացրել են ոչ միանգամից: Վեց ժամ է պահանջվել` ստանալու համար ձերբակալման համար բոլոր համաձայնությունները:
Սանդրուկյանն ու Մյասիշևը տարվել են «Բուտիրսկի» քննչական մեկուսարան: Սակայն Մյասիշեևը, իր նախկին պետի դեմ ցուցմունքներ տալուց հետո, ազատ է արձակվել: Այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ:
«Նրա գտնվելու վայրը խիստ գաղտնի է պահվում, քանի որ տեղեկություն է հայտնվել, որ նրան պատվիրել են քրեական հեղինակությունները, որոնց ֆինանսական շահերը, ամենայն հավանականությամբ, կապված են Էդուարդ Սանդրուկյանի ֆինանսական գործերի հետ»,- հայտնել է աղբյուրը:
Մեշանսկի դատարանը քննչական բաժնի միջնորդության հիման վրա Էդուարդ Սանդրուկյանի ձերբակալության որոշում է կայացրել: Դատարանի որոշմամբ` ոստիկանության գնդապետը նախնական կալանքի տակ կմնա երկու ամիս, քանի դեռ քննչական գործողություններ են իրականացվում:









