Կայացել է հայկական հարցին նվիրված՝ իսպանացի գրողի գրքի շնորհանդեսը

17:08 • 25.04.12

Ապրիլի 24-ին Իսպանիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն:


ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ արարողության ժամանակ հիշատակման խոսքով հանդես է եկել Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը: Քահանա Տեր Մասիս Գույումջյանը կատարել է հոգեհանգստի արարողություն:


Դեսպանատանը տեղի է ունեցել նաև իսպանացի ականավոր գրող և լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանի՝ Հայկական հարցին նվիրված «Ռումբը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:


Հեղինակն իր շնորհակալական խոսքն է ուղղել հայ ժողովրդին, արտահայտել իր խորին համակրանքը Հայաստանի և հայ ազգի նկատմամբ, վերահաստատել իր անվերապահ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին` հասնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

 

Իսպանացի ականավոր գրողը նաև համոզմունք է հայտնել, որ համադրված ջանքերով և նպատակասլաց աշխատանքով մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել իր թվարկած նպատակներին: