Հերացի փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի մեքենան վրաերթի է ենթարկել 4 հոգու և դիմել փախուստի (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր, ապրիլի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հերացի փողոցում, դիահերձարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 4 հոգու և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։
Վրաերթի ենթարկվածներից 3-ը կին են և 1-ը՝ տղամարդ, որոնք տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ հրամանատար Եղիշ Ենգիբարյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև շտապբուժօգնության ծառայության փոխտնօրեն Վահե Միրիջանյանը։
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։ Դեպքի վայրում արդեն աշխատում են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանը հայտնում է, որ ՃՈ 1-ին սպայական գումարտակի ձեռնարկած օպերատիվ–քննչական գործողությունների արդյունքում պարզվել է այն ավտոմեքենան, որը վրաերթ է կատարել և դիմել փախուստի։ Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ հայտնաբերելու նշված ավտոմեքենան և վարորդին։
Պարզվել է նաև հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։ Նշված անձինք են 54-ամյա Հակոբ Դավթյան, 63-ամյա Թագուշ Ղազարյանը, 51-ամյա Արևհատ Դավթյանը և 57-ամյա Նազելի Թութուլյանը։ Վերջին երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ մյուս երկուսն ունեն ոտքերի կոտրվածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









