ADAC-ը պարզել է, որ գերմանական ավտոմեքենաներն ամենահուսալին են
Գերմանական ավտոմեքենաները առաջին անգամ միանգամից բոլոր 6 դասերում ճանաչվել են ամենահուսալին շահագործման մեջ, այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն, հղում կատարելով ADAC-ի մամլ հաղորդագրության:
ADAC-ի մասնագետներ ուսումնասիրել են 230 հազար ավտոմեքենաների անսարքության դեպքեր, որոնք գրանցվել են Գերմանիայում 2011թ. ընթացքում:
Ամբողջ Գերմանիայում նախորդ տարի ADAC-ի մասնագետները ստիպված են եղել ավելի քան 4 մլն անսարքություն վերացնել:
Մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ գերմանական ավտոարտադրողների մեքենաները անգերազանցելի հուսալիություն են ցուցաբերում, նույնիսկ եթե դրանք արտադրված են ոչ անմիջապես Գերմանիայում:
Հատկանշական է, որ միջին դասի ավտոմեքենաների շարքում ռեյտինգի առաջին տասնյակում հայտնվել են միայն գերմանական մեքենաները:
Առաջին տեղը զբաղեցրել է Audi A5-ը, ապա հաջորդում են Audi Q5-ը և BMX X3-ը:
Նախկինում այնպիսի անխոցելի առաջատարներ` ինչպիսին էին Toyota Avensis-ը կամ Mazda 6-ը, այս անգամ նույնիսկ վարկանիշային տասնյակում տեղ չեն զբաղեցրել:
Բիզնես դասի ավտոմեքենաների շարքում առաջատարը Audi A6-ն է: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են BMW 5-ը և E դասի Mercedes-ը:
Փոքր դասի մեքենաների ցանկը գլխավորում է BMW-ի կողմից արտադրվող Mini-ն, որին հաջորդում են Mitsubishi Colt-ը, Opel Meriva-ն և Dacia Sandero-ն:
ADAC-ը նշում է, որ գերմանական ավտոմեքենաները նման բարձր ցուցանիշերի են հասել շնորհիվ գերմանական ավտոարդյունաբերության կողմից բարձր որակի ստանդարտների ապահովմանն ուղղված բազմամիլիարդանոց ծրագրերի:









