Վթարի է ենթարկվել նաև ԱԺ պատգամավորին ուղեկցող «Պորշ Կայենը». նոր մանրամասներ Աշոտ Աղաբաբյանի ավտովթարից (լուսանկարներ)

20:38 • 26.04.12

 Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Tert.am–ին նոր մանրամասներ հայտնեց այսօր ժամը 16։30-ի սահմաններում Գյումրի–Երևան ավտոճանապարհի 84 կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարից, որի ժամանակ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկել և ձորակում էր հայտնվել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի 09 TT 990 համարանիշի ավտոմեքենան։
 

Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ «Ռենջ Ռովերը» վարել է Երևանի բնակիչ 29-ամյա Արման Պապոյանը։
 

Բացի Աշոտ Աղաբաբյանի մեքենան, նշված վայրում վթարի է ենթարկվել նաև Աղաբաբյանին ուղեկցող «Պորշ Կայեն» մակնիշի 033 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան, որը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Տիգրան Հովսեփյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված համարանիշը հաշվառված է Ազգային ժողովի հաշվեկշռում։
 

Հիշեցնենք նաև, որ Գ. Շամշյանը հայտնել էր, որ վթարի պատճառը եղել է ձնակարկուտը։


  Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի