Ոչ մի կուսակցություն չի ունենա բացարձակ մեծամասնություն. Ահարոն Ադիբեկյան

16:22 • 26.04.12

Համամասնական ընտրակարգով առաջադրված ինը կուսակցություններից և ոչ մեկը չի կարողանա հավաքել այնքան ձայն, որ նոր ձևավորվելիք խորհրդարանում ունենա 66 տեղ և դառնա բացարձակ մեծամասնություն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
«Այս պահին համամասնականին օգնության գալիս է մեծամասնական ընտրակարգը և խորհրդարանում պատգամավորներ ունենալու հույսը շատ անգամ ընկնում է մեծամասնականի վրա»,- ասաց նա:


Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ, Հայ ազգային կոնգրեսը մեծամասնական ընտրակարգով չի կարող ոչ մի տեղ գրավել: Նա նշեց, որ խոսքը վերաբերում է նաև Հրազդանում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանին:


«Այն ժամանակ Սասուն Միքայելյանը պայքարում էր ընդամենը քաղաքապետի դեմ, իսկ այսօր նրա պայքարը մի ամբողջ քաղաքական ուժի դեմ է, այսինքն՝ ՀՀԿ ներկայացուցչի դեմ»,- ասաց նա և ավելացրեց, որ ամենաակտիվ ընտրատարածքներից մեկում՝ թիվ 7-ում առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը ևս շանսեր չունի, քանի որ նրա կարգավիճակը չի համապատասխանում պատգամավորի կարգավիճակին:


Ահարոն Ադիբեկյանը նաև նկատեց, որ մեծամասնական ընտրատարածքներում ընտրությունները ունեն ուրույն բնույթ: «Այստեղ, մի դեպքում կուսակցության բարձր վարկանիշն օգնում է մեծամասնականով առաջադրված թեկնածուին, մյուս դեպքում՝ թեկնածուի վարկանիշն է օգնում կուսակցությանը»,- ասաց սոցիոլոգը:


Ահարոն Ադիբեկյանը նաև տեղեկացրեց, որ իր կենտրոնը սոցիոլոգիական հարցումներ անցկացնելու պատվերներ է ստացել թիվ 3, 4, 5, 6, 10, 11, 12, 40 ընտրատարածքներում: