Մատի փաթաթան են սարքել, բայց եղածն ընդամենը տեխնիկական վրիպակ է.Արմեն Մարտիրոսյան
Մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցությանը հատկացված տեղերում զանգվածաբար նշանակվում են իշխանական կողմնորոշում ունեցող մարդիկ՝ Հանրապետականներ: Սակայն ավելի ուշ «Ժառանգություն» կուսակցությունն այն մեկնաբանեց այս կերպ՝ կատարվածը տեխնիկական վրիպակ է, ինչը կփորձի ուղղել:
«Մենք աշխատում ենք օրենքի շրջանակներում, որպեսզի այդ տեղերը լրացնենք»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը:
Նա «իմիջայլոց» տեղեկացրեց, որ խոսքը 1930 տեղերից ընդամենը մի քանի տասնյակ տեղ զիջելու մասին է.«Կոնկրետ չեմ կարող ասել, կարող ա նույնիսկ 50-ն էլ լինի, որը կարծում եմ, մեծ թիվ չէ: Կարծում եմ, որ դա ընդամենը մատի փաթաթան է, քանի որ մեր աշխատող օպերատորը տեխնիկական վրիպակ է թույլ տվել, որի պատճառով մեր անձինք դուրս են մնացել»:
Արմեն Մարտիրոսյանը հստակեցրեց, որ իրենք ոչ թե իրենց տեղերը ծախել են հանրապետականներին, ինչպես ասվում է, այլ օրենքն, ըստ նրա, հստակ կարգավորում է՝ «Այն տեղամասում, որտեղ կուսակցությունը հանձնաժողովի անդամ չի ներկայացնում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ինքն է անդամ նշանակում, այսինքն՝ սա ոչ թե «Ժառանգության» նվեն է, այլ օրենքն ինքը կարգավորում է »,-պարզաբանեց Մարտիրոսյանը:
Պատգամավորի թեկնածուն նաև հիշեցրեց, որ իրենք բարի կամք են դրսևորում և ինչպես նախկինում, այսօր էլ «ժառանգությունը» ընտրական հանձնաժողովներում իր տեղերը զիջել է թե’ ՀՀԿ անդամներին, թե ընդդիմությանը՝ մասնավորապես, ՀԱԿ անդամ, մեծամասնական ընտրահամակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի համակիրներին:









