Ադրբեջանական կողմը կրակել է հայկական սանիտարական մեքենայի վրա. կա 2 վիրավոր
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 24-ին արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդը «ԻՍՏԻԳԼԱԼ» զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի վրա, որի արդյունքում վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Անդրանիկ Գևորգի Մադոյանը և Էռնեստ Միքայելի Սարգսյանը:
Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության, վերջին մի քանի օրերին ադրբեջանական զորքերն սկսել են շփման գծում ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց։
«Վերոնշյալ փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդը շարունակում է իր ապակայունացնող ռազմավարությունը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և, ցինիկաբար անտեսելով ժնևյան կոնվենցիայով ամրագրված մարդասիրական դրույթները, կրակ է բացում նաև սանիտարական մեքենայի վրա, որը կրում է կարմիր խաչ տարբերանշան»,– ասվում է հայտարարությունում:









